Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ. FIP
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները, գրում է Fip.am-ը։
«Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։
Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։
Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին
«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։
Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։
Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։
Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։
Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։
Նաև այլ շրջաններում
FIP.am-ին նաև հաջողվել է խոսել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ, որոնք ևս հաստատել են, որ կապի մեջ են ФСБ-ի հետ։ Ի դեպ, Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»։
Իսկ ահա Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը հաստատեց, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չփոխանցեց։
Ձայնագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


