երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ցանկացած բնապահպանական խնդիր և աղետ արժանի է դատապարտման. նախարարը՝ Շիկահողի արգելոցի հարցը COP17-ի ընթացքում բարձրացնելու մասին

Ցանկացած բնապահպանական խնդիր և աղետ արժանի է դատապարտման. նախարարը՝ Շիկահողի արգելոցի հարցը COP17-ի ընթացքում բարձրացնելու մասին

Հայաստանը հույս ունի, որ սահմանների սահմանազատման գործընթացի ավարտից հետո հնարավորություն կստանա Ադրբեջանի և այլ հարևան երկրների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև վերականգնել վերջին տասնամյակների ընթացքում հասցված էկոլոգիական վնասը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով Շիկահողի արգելոցում ադրբեջանական կողմի իրականացրած էկոցիդի և Ջերմուկի շրջանում ծառերի զանգվածային հատման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Մասնավորապես՝ լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք COP17-ը կարո՞ղ է դառնալ հարթակ, այդ թվում՝ կուլիսային քննարկումների համար, որտեղ Հայաստանը կկարողանա բարձրացնել Շիկահողի արգելոցում ադրբեջանական զինվորականների պատճառած էկոլոգիական վնասի, ինչպես նաև Ջերմուկում վերջերս տեղի ունեցած ծառերի զանգվածային հատման հարցերը։

Մաթևոսյանը հայտարարել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխվել՝ ցանկացած բնապահպանական խնդիր և աղետ արժանի է դատապարտման։ Նա նշել է. «COP17-ում, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների շրջանակում անցկացվող այլ համաժողովներում և ընդհանրապես բազմակողմ բնապահպանական բանակցությունների ընթացքում մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բնապահպանական խնդիրները չեն սահմանափակվում առանձին երկրներով և սահմաններով։ Բնությունը սահմաններ չի ճանաչում, հետևաբար՝ մեր որոշումներն ու քաղաքականությունը նույնպես չպետք է ճանաչեն դրանք»։

Նախարարը նաև ընդգծել է, որ իր համար՝ որպես Հայաստանի քաղաքացու և քաղաքական իշխանության ներկայացուցչի, առաջնահերթությունը մնում են երկրի ազգային շահերը։ «Երբ խոսքը վերաբերում է սահմաններին և մեր հարաբերություններին հարևանների հետ, մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով»,-ասել է նա։

Մաթևոսյանը հույս է հայտնել, որ սահմանների սահմանազատման ավարտից հետո Հայաստանը կկարողանա համատեղ իրականացնել բնապահպանական ծրագրեր ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս հարևան պետությունների հետ։

Նա նշել է, որ միջազգային հիմնադրամները երկրներին հնարավորություն են տալիս նախագծերը համատեղ ներկայացնել մեկ միասնական փաթեթով։ Նա վստահություն է հայտնել, որ սահմանազատման ավարտից հետո նման հնարավորություններ կհայտնվեն նաև Հայաստանի համար։ «Մենք կփորձենք վերականգնել բոլոր այն էկոլոգիական կորուստները, որոնք կրել ենք վերջին տասնամյակների ընթացքում»,-իր խոսքն ամփոփել է նախարարը:

  • Կիսվել: