չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Վարչապետը սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարները

Վարչապետը սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

 

ք.jpg (872 KB)

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։ Վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում։

քքքքքք.jpg (551 KB)

Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կարևորել ԱՄՆ դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։

ք.jpg (872 KB)

Սենատոր Ուիքերը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Նրանք նշել են նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը՝ երկկողմ օրակարգի շարունակական առաջմղման նպատակով։

քքք.jpg (936 KB)քքքքքքքքքքքքքք.jpg (3.09 MB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։

  • Կիսվել: