շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ. նոր մանրամասներ հերթական շինծու դատական նիստից

Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ. նոր մանրամասներ հերթական շինծու դատական նիստից

Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հերթական շինծու դատավարության ժամանակ պետական մեղադրողները հարցեր են ուղղել այն քրեական արարքների վերաբերյալ, որոնց համար նա մեղադրվում է: Մասնավորապես, գլխավոր դատախազի օգնական Վուսալ Ալիևը հարցեր է ուղղել այն կազմակերպությունների նպատակների մասին, որոնց համահիմնադիրը եղել է Վարդանյանը:

Բացի դրանից՝ հարցեր են ուղղվել նաև այդ կազմակերպությունների անդամների հետ Վարդանյանի հարաբերությունների, ինչպես նաև հասարակական ակտիվիստ Միրզա Դինայի՝ Ղարաբաղ այցելելու և նրա հետ ունեցած հանդիպումների մասին:

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Տուգայ Ռահիմլին Վարդանյանին հարցրել է "ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու և դրանց արտադրության գործարանի կառուցման համար տեխնիկական փաստաթղթեր ստանալու" համար իր վարած բանակցությունների, "գործարանի կառուցման համար" փաստաթղթեր ստանալու վերաբերյալ Արման Ջիլավյանին տրված հանձնարարականների, այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության հետ համաձայնեցնելու, "VoMa" կազմակերպության հիմնադիր Վլադիմիր (Վովա) Լևանովիչ Վարդանովի հետ Վարդանյանի հարաբերությունների, WhatsApp-ի միջոցով իրեն ուղարկված նամակագրության և ձայնային հաղորդագրությունների մասին, Ղարաբաղի զինված կազմավորումների համար զորավարժությունների կազմակերպման և ֆինանսավորման, ղարաբաղյան առաջին պատերազմում, 2016 թվականի ապրիլյան մարտերում և ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին Վլադիմիր Վարդանովի մասնակցության մասին:

Վարդանյանին նաև հարցրել են, թե արդյոք Հայաստանի համաձայնությունը եղե՞լ է այդ զորավարժություններն անցկացնելու համար, ու՞մ կողմից են ստեղծվել դրա պայմանները, արդյոք վարժանքներին ներգրավվե՞լ են անչափահասներ, իրեն խնդրե՞լ են կազմակերպել և ֆինանսավորել այդ զորավարժությունները՝ որպես գործարար կամ պաշտոնյա:

Վարդանյանին հարցեր են ուղղվել "Կոմիտե 27" շարժման հիմնադիր և նախագահ Վլադիմիր Սերգեյի Պողոսյանի հետ իր կապերի, "Signal" բջջային հավելվածի և այլ բջջային հավելվածների ու սոցիալական ցանցերի միջոցով Պողոսյանի հետ իր շփումների մասին, նաև այն մասին, թե արդյոք հայկական պետության ծրագրի մաս կազմու՞մ էր "Հատուկ գործողությունների ազգային ուժային կենտրոնի" ստեղծումը՝ "թշնամի Ադրբեջանին հարված հասցնելու և զգալի կորուստներ հասցնելու համար", նաև այն մասին, թե ի՞նչ է ենթադրվել ՛՛զգալի կորուստներ՛՛ ասվածի ներքո, ովքե՞ր էին այդ ՛՛կենտրոնի՛՛ կազմում, որտեղի՞ց է այն ֆինանսավորվում, այդ "կենտրոնը" ենթարկվել է Արցախի՞ն, թե՞ Հայաստանին։

Վարդանյանին հարցրել են նաև Արցախի համար "զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու նպատակով" ռուսական "AKVA" ընկերության պատասխանատուների հետ բանակցությունների, "դրանց արտադրության ձեռնարկության կառուցման համար" դրամահավաքի, "զինված կազմավորումներին զենք-զինամթերք մատակարարելու", "ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ձեռնարկություն ստեղծելու" մասին, նաև այն մասին, թե "Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելը" Հայաստանի հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ ոչ:

Հարցեր են ուղղվել նաև զորավարժություններն անցկացնող անձանց, զորավարժությունները ֆինանսավորելու համար "Մենք ենք, մեր սարերը", Dilijan Community Center, Aznavour Foundation և այլ հիմնադրամների միջոցով միջոցներ հավաքելու մասին, ինչպես նաև մի շարք անձանց, մասնավորապես՝ Հայկ Հովակիմյանի հետ այդ հարցի շուրջ բանակցությունների, վերջինիս ուղարկած հաղորդագրության մասին, որում ասվում էր "այդ զորավարժություններին 120 հոգու նախապատրաստության մասին":

Նաև հարցեր են ուղղվել այն մասին, թե արդյո՞ք այդ զորավարժություններն անցկացվել են Հայաստանի հետ համաձայնեցմամբ:

  • Կիսվել: