ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Շոշափելի արդյունքներ կան. Արցախի պետնախարարը՝ բնակարանային ծրագրի մասին

Շոշափելի արդյունքներ կան. Արցախի պետնախարարը՝ բնակարանային ծրագրի մասին

Որոշակի դրական շոշափելի արդյունքներ ունենք: Այս մասին «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը, որը տեղեկացրեց, որ նշանակվել է Արցախի պետնախարար։

Նրա խոսքով՝  երկու ամսվա ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր, իսկ գրացված գլխավոր արդյուքն այն է, որ բնակարանային ծրագրի բարեփոխված տարբերակով ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Նա հիշեցրեց, որ բռնի տեղահանված արցախցիներին փոխհատուցվող մեկ շնչին հասնող 3 մլն գումարի չափը հնարավոր է եղել դարձնել 4 մլն դրամ։

Իսկանդարյանը հավելեց, որ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը ևս ներառվել են այդ 4 միլիոնանոց գոտու մեջ։ «Այդ մարզերում ապրում է 13,207 արցախցի։ Մի քանի քաղաքներ թվարկեմ, որոնք արդեն մտնում են ծրագրի մեջ՝ Չարենցավան, Բյուրեղավան, ցավոք սրտի՝ Աբովյանը ներգրավված չէ, Արարատ, Ապարան, Էջմիածին, Մեծամոր»,-ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ լուծվել է Արցախից զոհվածներ ունեցող ընտանիքների տների հիփոթեքների հետ կապված խնդիրը։ «Խոսքը 82 ընտանիքի մասին է, որոնց բնակարանային վարկերն Արցախի Հանրապետությունն էր վճարում։ Բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ այդ ծարգիրն իր ուսերին է վերցնելու ՀՀ կառավարությունը»։

Նշվեց, որ բնականային ծրագրի շրջանակներում նաև այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է՝ կառավարության կողմից վերահսկողությամբ․ «Այսինքն՝ այդ սերտիֆիկատներով կարող են կառուցապատում սկսել»։

Բացի այդ, հիփոթեքի հետ կապված նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարի ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է  20 տարի ժամկետով։

Ինչ վերաբերում է 40 հազար դրամների աջակցությանը, ապա այդ հարցում, ըստ Իսկանդարյանի, դեռ չեն կարողացել համաձայնության հասնել. «Քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն։ Ընդունվել են աշխատակիցներ՝ գործընթացն արագացնելու համար, բայց միևնույն ժամանակ՝ այն տևելու է 1.5-2 ամիս, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Եթե նույնիսկ մարդիկ հավաստագրեր ստանան, դրանք իրացնելու համար բավական ժամանակ է անհրաժեշտ լինելու։ Առնվազն 4–5 ամիս պետք կլինի, որպեսզի բնակարանային ծրագրով ապահովվեն։ Սա լրջագույն խնդիր է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»:

Նա նաև վստահեցրեց, որ ակցիաները շարունակվելու են։ «Խորհուրդը հանդես է գալիս ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Այն ունի 12 կետ. առաջինը՝ արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների վերադարձն է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն, և խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել»,-ասաց Իսկանդարյանը:

  • Կիսվել: