«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշումը կարող է լինել խաղաղության համաձայնագրից առանձին». Հաջիև
Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին: Այս մասին այսօր Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Reuters-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը։ Խաղաղության համաձայնագիրը հրթիռների գիտություն չէ։ Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին»։
Հաջիևն անդրադարձել է նաև Արցախի վրա Ադրբեջանի բանակի հարձակման հետևանքով հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված հայերին:
Նա ասել է, որ «Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո նրանց վերադարձի իրավունքը կապահովվի»։
«Իրավական անորոշության կարգավիճակ մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ»,-ասել է Հաջիևը և նշել, որ փոխադարձ իրավունքներ պետք է լինեն 1988 թվականից Հայաստանը լքած ադրբեջանցիների համար։


