Այսօր առաջացել է պատեհ հնարավորություն՝ վերջ դնելու հակամարտությանը, և կարծում ենք՝ գործընթացը պետք է ունենա հստակ ավարտ. Բայրամով
Մեր տարածաշրջանի երկրների առջև կա ընտրության հնարավորություն՝ սպասել ևս 100 տարի և համոզվել, որ փոփոխություններն անշրջելի են, թե սկսել աստիճանաբար աղյուսներն իրար վրա դնելով՝ Հարավային Կովկասում վերջապես հաստատել կայուն խաղաղություն: Այս մասին այսօր Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանյան հասարակությունը մտահոգված է անվտանգության հետ կապված խնդիրներով և փակ սահմաններով, նրան, անշուշտ, հուզում են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հետ կապված հարցերը։ Մեր քաղաքացիները ՀՀ կառավարությունից լսում են հավաստիացումներ խաղաղության օրակարգի, հարևանների հետ խաղաղ հարաբերություններ ձևավորելու, տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու մասին: Թեև, մենք գիտակցում ենք, որ վերքերը տակավին թարմ են և այս պահին որոշ չափով դժվար է խոսել փոխգործակցության մասին: Միևնույն ժամանակ, ՀՀ շարքային քաղաքացին լսում է սպառնալիքներ Ադրբեջանից և տեսնում է, որ ադրբեջանական կողմը չի շտապում ճանաչել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի խորհրդարանի, կառավարության հետ սերտորեն համագործակցող մեդիայի և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այդ սպառնալիքներն ակնառու են»:
Ըստ նախարարի՝ կան փոխգործակցության տարաբնույթ ուղիներ, Վրաստանը նույնպես կարող է առաջնորդող դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում։
«Մենք կարող ենք միավորել տարածաշրջանի բոլոր երկրների հասարակություններին և խաղաղ ապրել 21-րդ դարում։ Հայաստանն արդեն իսկ ընտրել է համագործակցելու տարբերակը, սակայն մենք չենք կարող դա անել միակողմանի, եթե դիմացի կողմը նույնպես շահագրգռված չէ համագործակցել մեզ հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով՝ Ադրբեջանին արդեն իսկ արել ենք նպաստավոր առաջարկ, ինչից իրենք կարող են շահել՝ օգտվելով մեր երկաթուղային ենթակառուցվածքներից։ Դրանից կարող ենք շահել նաև մենք։ Գիտակցում ենք, որ Հայաստանի հարավում գտնվող 45 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանի երկու հատվածներն իրար կապող ամենակարճ ուղին է, հետևաբար առաջարկել ենք սահմանային անցակետերում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ տեղադրելով էլեկտրոնային սքաներներ, եթե ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ ապրանքներն ու իրերը ֆիզիկապես ստուգվեն։ Առաջարկել ենք նաև կիրառել էլեկտրոնային հայտարարագրման տարբերակը և տեղեկությունները երկուստեք տրամադրել պատկան մարմիններին, որպեսզի տարանցման հետ կապված հարցերը լուծվեն հնարավորինս շուտ և մատչելի եղանակով։ Արել ենք կոնկրետ առաջարկներ, սակայն չենք ստացել դրական պատասխան»,-նշեց նա։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասաց, որ հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու փոխգործակցությունը համարվում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ըստ նրա՝ տնտեսական ինտեգրումը կարող է նպաստել երկրների զարգացմանը։
«Ադրբեջանն իր հարևանների հանդեպ վարում է հենց այդպիսի քաղաքականություն։ Նկատի ունենք Արևելք-Արևմուտք առանցքը։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա փոխգործակցությունը լավ օրինակ է՝ ցույց տալու, թե այն ինչ օգուտներ է բերում մեր հասարակություններին։ Տնտեսական նախագծերի իրականացումը շահեկանորեն փոփոխում է մեր տարածաշրջանի ամբողջ պատկերը, շատ երկրներ օգտվում են Կասպյան ավազանի ադրբեջանական գազից։ Միևնույն ժամանակ մենք ակտիվորեն գործարկում ենք Հյուսիս-Հարավ միջանցքը Ռուսաստանի և Իրանի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դուրս էր մնացել այս նախագծերից, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համագործակցես հարևանի հետ, եթե գտնվում ես հակամարտության մեջ։ Այսօր առաջացել է պատեհ հնարավորություն՝ վերջ դնելու այդ հակամարտությանը, և կարծում ենք, որ գործընթացը պետք է ունենա հստակ ավարտ։ Դրանից հետո տարածաշրջանի համար կբացվեն զարգացման և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասաց Բայրամովը։
Ըստ նրա՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առաջարկն արել է նաև Ադրբեջանը, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և դա նախատեսում է անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի երկու հատվածների միջև։
«Մենք հայկական կողմին արել ենք առաջարկներ՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։ Համաձայն ենք առանձնացնել ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը։ Ուզում ենք այնպիսի իրավիճակ, որը կլինի կայուն և չի փոփոխվի Հայաստանում իշխանափոխության կամ տարաբնույթ այլ գործոնների ազդեցության արդյունքում»,-նշեց Ադրբեջանի ԱԳ նախարարը: