շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման հարցեր:

Բարձր է գնահատվել բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցությունն ու ցուցաբերվող աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է առկա խնդիրների հանգուցալուծման հարցում Հայաստանի համերաշխությունը և տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին աջակցությունը:

  • Կիսվել: