«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին։
Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2026 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 19:52-ի սահմաններում, իր կողմից վարած կանաչ գույնի «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով և սպիտակ գույնի, չպարզված մակնիշի ու հաշվառման համարանիշի մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ գնացել են Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 83/1 հասցեում գործող անվադողերի վերանարոգման կետ։ Այնտեղ նրանք մոտեցել են վերանորոգման կետում այդ պահին հաճախորդ սպասարկող Շավարշ Գրիգորյանին ու անտեսելով այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, պահանջել արտահերթ սպասարկել «Լամբորջինի» մակնիշի ավտոմեքենային։ Շավարշ Գրիգորյանը տվել է բացասական պատասխան, պատճառաբանելով, որ այդ պահին իրականացվող աշխատանքը վերջացնելուց հետո՝ կսպասարկի նրանց, քանի որ ընդհատելու դեպքում՝ այն դրական արդյունք չի տա:
Այդ պահին «Նորադուսցի Ալիկը» պահանջել է արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով պոկել Շավարշ Գրիգորյանի ծնոտը և ծեծի ենթարկել նրան, սակայն կրկին լսելով վերջինիս բացասական պատասխանը և շարունակելով իր հանցավոր ու հակաօրինական վարքագիծը, Ալիկ Բանդուրյանն իջել է ավտոմեքենայից և մոտեցել Շավարշ Գրիգորյանին ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, մասնավորապես ձեռքը դեպի Շավարշ Գրիգորյանն ուղղելով ու նրա ուղղությամբ քայլելով կրկին պահանջել է դադարեցնել մյուս հաճախորդին սպասարկելը և արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում կրկին սպառնալով նրա առողջությանը վնաս պատճառել՝ ծնոտը պոկել։
Կրկին ստանալով բացասական պատասխան, Շավարշ Գրիգորյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ։
Ալիկ Բանդուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ խուլիգանական դրդումներով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։



