շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումը

Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» խորագրով։

Հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառումը համախմբել է ՀՀ ավելի քան 20 քաղաքային և գյուղական համայնքների 11–15 տարեկան շուրջ 250 աղջիկների, ինչպես նաև պետական և միջազգային մարզական կառույցների, գործարար ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչների։

Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող Ալիսսա Լագոնիան, «GOALS Armenia»-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը և այլք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումն ու հավասար հնարավորությունների ապահովումը։

Նրա խոսքով՝ կազմակերպության կարևորագույն ձեռքբերումներից մեկը յուրաքանչյուր աղջկա կյանքում տեղի ունեցող փոփոխությունն է՝ սեփական ներուժի բացահայտումը, սոցիալական և հուզական կարողությունների զարգացումն ու ինքնավստահության ամրապնդումը։

  • Կիսվել: