Ալեն Սիմոնյանը՝ «սիգնալ տալու», սիգարետը պատուհանից «կտտցնելու» մասին
Շատ կարևոր է, թե մենք ինչ ձևի Երևան ենք ուզում տեսնել ընդհանրապես ապագայում, որովհետև համաձայնեք, որ Հանրապետության հրապարակում չորս, հինգ հատ երազ գնել, ամեն մեկի վրա միկի մաուսի նկար կպցնել ու գալ ասել՝ մենք այստեղ զբաղվում ենք շրջիկ առևտուրով, սրա հետ կապված պետք է շատ լուրջ նախաձեռնություն ունենալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց՝ չի կարելի Հանրապետության հրապարակում 4-5 ԵրԱԶ գտնել, ամեն մեկի վրա Միկի Մաուս կպցնել, գալ, ասել՝ շրջիկ առևտուր ենք անում:
«Մեր ժողովրդի մեջ այդ մշակույթը պետք է դրվի: Նա պետք է հասկանա, որ չի կարելի Հանրապետության հրապարակում, Մաշտոցի պողոտայում նման կերպ վերաբերվել: Կամ սիգնալ տալու մշակույթը, սիգնալ տալու լեզու գոյություն ունի՝ մեկը սիգնալ է տալիս, մյուսը պատասխանում է, էն մեկը էլի է սիգնալ տալիս, դրանով ասում՝ «էդ ասածդ դու ես»: Սիգարետը պատուհանից կտտցնելու մասնագետներ գոյություն ունեն: Այ էդ մշակույթից ելնելով՝ պետք է հասկանանք՝ որ դուրս ենք գալիս փողոց, ո՞նց ենք մեր քաղաքին վերաբերվելու»,- ասաց նա՝ հավելելով, որ նման վերաբերմունքի շնորհիվ քաղաքը կվանի նաև զբոսաշրջիկներին:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է Երևանի հետ կապված մեկ-երկու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ երբ վերևից նայում ես, մեր հիասքանչ քաղաքը շուկայի է վերածվել, ով ինչ ուզել սարքել է:


