Աղվան Վարդանյանը մոտեցել է ինձ ու ասել՝ «ե՞րբ ազատ կլինեք, գնանք մի հատ սրճենք, մի քիչ զրուցենք». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ են իր հետ գործուղման գնում, պարզապես, չեն նկարվում, ինչպես արել է «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Դիտարկմանը՝ Աղվան Վարդանյանն ասում էր՝ հրապարակեք այն ընդիմադիրների անունները, որոնք ձեզ խնդրել են գործուղումների տանել, Սիմոնյանն ասաց. «Պարոն Վարդանյանը հաջորդ գործուղմանը, որ իրեն չենք տարել, մոտեցել է իմ աշխատակցին, ասել՝ բա ինձ ինչի՞ չեք տանում մերձբալթյան երկրներ, Սերյան Օհանյանը մոտեցել է ինձ Ազգային Ժողովի խորհրդի նիստից հետո ասել է՝ իմիջիայլոց, ես այսինչ երկրի բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչի՞ չեք ներառում»:
Սիմոնյանը նաև նշեց, որ Աղվան Վարդանյանը մոտեցել է ասել՝ երբ ազատ կլինի, գնանք մի հատ իրար հետ նստենք, սրճենք, մի քիչ զրուցենք:
«Այսինքն, այդ ի՞նչ ստեր են, ուզում եմ հասկանամ: Աղվան Վարդանյանը դաշնակցականների դաշնակցականն էր և Հռոմի պապից ավելի կաթոլիկն էր ու ասում է՝ թող պարոն Սիմոնյանը անուններ ասեր: Բացե՛ք, նայե՛ք այն բոլոր մարդկանց, ովքեր եկել են: Հիմա էլ Հնդկաստան այց կա, հերթով գրում ենք, զանգում ենք, համոզում ենք, ու ասեմ ավելին, Հնդկաստանի մասին չի միայն խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ասում են՝ մենք ուզում ենք գնանք աշխատենք, բայց մեզ չեն թողնում»,- նշեց նա:
Նրա կարծիքով՝ դա այսօրվա պառլամենտական դաշնակցական որոշ գործընկերների մարտավարությունն է: «Աամոթանք են տալիս, ասում եմ՝ մարդիկ պետք է գան աշխատեն, իրենք պատգամավոր են ընտրվել, Լեհաստանի նախագահն է եկել ՀՀ, երկու-երեք հոգու հերթով կանչում եմ հանդիպման, չեն գալիս, ախպեր, թող գան»,- ասաց նա:
Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ Հնդկաստան այցի համար երկու պատգամավորի գրել է, բայց մերժել են, երրոդին է գրել:
«Լևոն Քոչարյանը գնացել հարցազրույց է տալիս, թե ամենամանր բաների մեջ չեն թողնում: Ուզում էր գար Ժնև գերիների մասին խոսեր, ես տանում էի իրեն, ասաց՝ միայն երկու օրով կարող եմ գալ: Ի՞նչ է նշանակում երկու օր, եթե այցը 4-օրյա է, մի օր կարող ես գրանցվել, հերթդ չորրորդ օրը հասնի»,- ասաց նա:
Սիմոնյանն ասաց՝ գրեթե չկան պատգամավորներ, որ ինչ-որ պահի չենք դիմել, չեն գալիս: