Պատրիարք Կիրիլը և Ալեքպերովը կարող են խուսափել ԵՄ պատժամիջոցներից
Եվրամիությունը հնարավոր է՝ համաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը արդեն հուլիսի 13-ին՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում: Սակայն, «Европейская правда» պարբերականի աղբյուրների տվյալներով, փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, անդամ երկրների միջև տարաձայնություններից հետո կընդունվի փոխզիջումային տարբերակով:
Պատժամիջոցների վերջնական ցանկից կարող են հանվել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը և Лукойл ընկերության հիմնադիր Վագիտ Ալեքպերովը. դա պնդել են Բուլղարիան և Իտալիան:
Կարող են մեղմացվել նաև ԵՄ մուտքի սահմանափակումները Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր մասնակցել են Ուկրաինայի դեմ պատերազմին: Մի շարք երկրներ, որոնց թվում՝ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը, հանդես են եկել նախկին զինվորականների որոշակի կատեգորիաներին արգելքից հանելու օգտին:
Բացի դրանից, հնարավոր են փոփոխություններ ռուսական ձկան ներմուծման սահմանափակումներում: Ռուսաստանից և Բելառուսից ձողաձկան մատակարարումների ամբողջական արգելքի փոխարեն ԵՄ-ն կարող է պահպանել ներմուծման մի մասը:
Հունաստանի, Կիպրոսի, Մալթայի և այլ երկրների ճնշման ներքո վերջնական տարբերակից կարող են դուրս գալ ռուսական հեղուկացված գազի և դրա հետ կապված լցանավերի դեմ ուղղված որոշ միջոցառումներ:
Փաթեթի քննարկումը կշարունակվի ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեում: Եթե երկրները համաձայնության չգան, նոր պատժամիջոցների ընդունումը կարող է հետաձգվել կամ հաստատվել ավելի ուշ՝ գրավոր ընթացակարգով:
Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, Եվրահանձնաժողովը ներկայացրել էր պատժամիջոցների 21-րդ փաթեթը: Բրյուսելին անհրաժեշտ է որոշում ընդունել մինչև հուլիսի 15-ը. այդ ժամկետում պետք է թարմացվի ռուսական նավթի գնի սահմանափակման մեխանիզմը:



