Համաշխարհային առևտուրը կտրուկ փոխվել է. France 24
Չորեքշաբթի ուժի մեջ են մտել տասնյակ երկրների նկատմամբ Թրամփի «փոխադարձ» մաքսատուրքերը՝ առաջացնելով ամբողջ աշխարհում ռեցեսիայի և ֆոնդային շուկաների անկման մտավախություն: Չինաստանի նկատմամբ 104 տոկոսով և ԵՄ-ի՝ 20 տոկոսով մաքսատուրքերը խախտել են համաշխարհային առևտրային կարգը, որը պահպանվել է տասնամյակներ շարունակ, գրում է France 24-ը:
Թրամփը ներդրողներին երկիմաստ ազդանշաններ է հաղորդել այն մասին, որ սակագները կպահպանվեն երկարաժամկետ հեռանկարում՝ դրանք անվանելով «մշտական», բայց նաև պարծեցել է, որ ճնշում են գործադրում մյուս առաջնորդների վրա՝ պահանջելով բանակցություններ սկսել: «Կան շատ երկրներ, որոնք ցանկանում են գործարքներ կնքել մեզ հետ»,- ասել է Թրամփը, նաև ակնկալել, որ Չինաստանը նույնպես կձգտի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ:
Թրամփի վարչակազմը բանակցություններ է ծրագրել Հարավային Կորեայի և Ճապոնիայի՝ երկու մերձավոր դաշնակիցների ու խոշոր առևտրային գործընկերների հետ, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ է այցելելու հաջորդ շաբաթ:
Մյուս երկրների հետ գործարքներ կնքելու հեռանկարի արդյունքում երեքշաբթի ֆոնդային շուկաներում աճ է գրանցվել, սակայն առևտրային օրվա ավարտին ամերիկյան բաժնետոմսերը կորցրել են իրենց դիրքերը:
Չինական բաժնետոմսերը, սակայն, պահպանել են կայունությունը, քանի որ կառավարությունն աջակցում է թուլացող շուկային:
Չինական առաջատար բրոքերային ընկերությունները խոստացել են միավորել չինական պետական հոլդինգային ընկերությունների ջանքերը՝ օգնելու կայունացնել բաժնետոմսերի ներքին գները՝ ի պատասխան սակագների պատճառած ցնցումների: Չորեքշաբթի Նոր Զելանդիայի և Հնդկաստանի կենտրոնական բանկերը նվազեցրել են տոկոսադրույքները, ինչը կարող է նախանշել քաղաքական գործիչների ավելի լայն քայլեր՝ փորձելու մեղմել տուրքերի հարվածը իրենց տնտեսություններին:
Մյուս երկրները ֆինանսական աջակցություն են տրամադրել արտահանման հիմնական հատվածներին, իսկ Հարավային Կորեան հայտարարել է մի շարք արտակարգ միջոցառումների մասին ավտոարտադրողների համար, ներառյալ՝ հարկերի կրճատումներն ու սուբսիդիաները:
Միաժամանակ Եվրամիության անդամ 27 պետությունները պատրաստվում են չորեքշաբթի քվեարկել մաքսատուրքերի դեմ նախնական քայլերի օգտին:
Շատ տնտեսագետներ նախազգուշացրել են, որ, ի վերջո, ԱՄՆ սպառողները, ամենայն հավանականությամբ, կկրեն առևտրային պատերազմի հիմնական բեռը՝ բախվելով բոլոր ապրանքների գների բարձրացմանը՝ սպորտային կոշիկներից մինչև գինի:
Մինչդեռ Թրամփը հասկացրել է, որ մաքսատուրքերի հարցը փակված չէ: Երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով հանրապետական օրենսդիրների առջև՝ նա ասել է, որ շուտով կհայտարարի դեղագործական ապրանքների ներմուծման «լուրջ» տուրքերի մասին: Դրանք այն սակավաթիվ կատեգորիայի ապրանքներն են, որոնք ազատվել են նոր հարկերից: