Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։
Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ բուժառուների հետ։
«Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն․ քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը, զուգահեռաբար՝ նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը, բարելավմանը»,- նշել է առողջապահության նախարարը։
Երեխաները երկար էին պատրաստվել օրվան․ իրենց ձեռքերով բացիկներ ու խորհրդանշական նվերներ պատրաստել՝ այսկերպ շնորհակալության հայտնելու իրենց դոնորներին, որոնց շնորհիվ է նաև կազմակերպվում իրենց բուժումը։
Հունիսի 14-ին` ժամը 09:00-ից մինչև 14:00 օրվա շրջանակում, Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում ևս (Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան) մեկնարկել է անվարձահատույց արյունատվության արշավը։
Մարդասիրական, կյանք փրկող արշավին այսօր և բոլոր օրերին կարող են միանալ նաև այս մարզերի բնակիչները։