չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ղազախստանում վաղվանից կչեղարկվի արտակարգ դրությունը

Ղազախստանում վաղվանից կչեղարկվի արտակարգ դրությունը

Ղազախստանի իշխանությունը վաղվանից կչեղարկի արտակարգ դրությունը երկրի ամբողջ տարածքում:

Հիշեցնենք, որ  այն սահմանվել էր տարեսկզբին մեկնարկած ընդվզումների և զանգվածային անկարգությունների կապակցությամբ, որոնք մեկնարկել էին հեղուկ գազի գնի բարձրացան պատճառով:

՛՛Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը որոշել է հունվարի 26-ի ժամը 00:00-ից չեղարկել արտակարգ դրությունը և Ալմաթի քաղաքում, Ալմաթիի շրջանում ու Ժամբիլի շրջանում ահաբեկչության վտանգի կրիտիկական ՛՛կարմիր՛՛ աստիճանը և դրա փոխարեն սահմանել ահաբեկչության վտանգի ՛՛նարնջագույն՛՛ աստիճան՛՛,-ասված է Ղազախստանի իշխանությունների հրապարակած հաղորդագրության մեջ:

Ղազախստանի իշխանություններն այսօրվա դրությամբ դեռ չեն ներկայացրել արժանահավատ փաստեր, որոնք կարող են վկայել զանգվածային անկարգություններին տեղացի կամ միջազգային ահաբեկիչների մասնակցության մասին:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Նշենք նաև, որ հայ խաղաղապահներն արդեն վերադարձել են Հայաստան:

  • Կիսվել: