Եթե ես խոսում եմ, ուրեմն ունեմ ապացույցներ. անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունը. Փաշինյան
Եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք հոգեւորականների հասցեին իր վիրավորական գրառումներին։
«Դուք չեք նկատե՞լ, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ և այդ ապացույցները կներկայացվեն, կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։
Ընդ որում, իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որ եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցել է որպես Հայ առաքելական եկեղեցու կանոններ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգևորականների դեմ այս պայքարը բերելու է քաղաքացիական բախումների, ինչպե՞ս եք հեռացնելու կաթողիկոսին, հնարավո՞ր է, որ իրավապահները նույն կերպ եկեղեցի մտնեն, Փաշինյանն ասաց. «Ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունը։ Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել և, ըստ էության, բախումներ չեն եղել, հիմա մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի»։
Նիկոլ Փաշինյանը իր պայուսակից հանեց երկու գիրք եւ ասաց. «Ես ձեզ բերել եմ ապացույցներ, ես ձեզ բերել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաբարբառ կանոնագիրք հայոցը։ Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, իսկ գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել Հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով և կանոններով»։