Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող երկիր. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։
HIF Yerevan 2025 համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող և համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրված երկիր։ Այս ռազմավարական ընթացքի համատեքստում զբոսաշրջության զարգացումը և ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր ունեն մեր տնտեսության վերափոխման գործում։ Այս ուղղությամբ Կառավարության հետևողական քաղաքականության մասին են վկայում ոլորտում իրականացված և մեկնարկող ծրագրերը, մասնավորապես՝ բարեհաջող ավարտված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» (LEIDP) ծրագիրը և նոր նախաձեռնվող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում» (TRIP) ծրագիրը, որն իրականացվելու է յոթ կլաստերում՝ Գորիս, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան և Դվին»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով ծրագրերի համակարգող և քաղաքական պատասխանատու մարմին, շարունակելու է աշխատել Հայաստանի տնտեսական ներուժը բացելու ուղղությամբ՝ զբոսաշրջությունն օգտագործելով որպես լուրջ խթան տարածքային զարգացումների, մասնավոր ներդրումների և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար։
HIF Yerevan 2025 համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հարյուրավոր գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցեր և այլ ընկերություններ:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջություն և կլաստերների վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ելույթով հանդես է եկել «Խթանելով հյուրընկալության էկոհամակարգի զարգացումը․ ռազմավարական ենթակառուցվածք, հանրային ֆինանսավորում և միջազգային ծրագրերի պանելիստներ» խորագրով պանելային քննարկմանը։