Մոդին և Թրամփը պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել է Կանադայում անցկացված G7-ի գագաթնաժողովից վերադառնալիս կանգ առնել ԱՄՆ-ում, սակայն Մոդին չի կարողացել դա անել նախապես համաձայնեցված գրաֆիկի պատճառով. առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիքրամ Միսրին:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի խնդրանքով Մոդիի և Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
«Նախագահ Թրամփը վարչապետ Մոդիին հարցրել է, թե արդյոք նա կանգ կառնի ԱՄՆ-ում Կանադայից վերադառնալիս: Ավելի վաղ համաձայնեցված պարտավորությունների պատճառով վարչապետ Մոդին հայտարարել է, որ չի կարող դա անել», - Միսրիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
«Երկու ղեկավարները որոշել են, որ կաշխատեն հանդիպել մոտ ապագայում», - հավելել է նա:
Մոդին իր հերթին Թրամփին հրավիրել է Հնդկաստան՝ մասնակցելու Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության (QUAD) գագաթնաժողովին:
«Հրավերն ընդունելով՝ նախագահ Թրամփն ասել է, որ ինքն ուրախ կլինի ժամանել Հնդկաստան», - նշել է Միսրին:
Հնդկաստանի վարչապետը Կանադայում մասնակցել է G7-ի երկրների գագաթնաժողովին: Նա հունիսի 18-ի առավոտյան պլանավորված այցով մեկնել է Խորվաթիա։