ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթում նշել է․ «Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության կապերն ամրապնդում են մշակույթների ընդհանրություններով` հնագույն ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ։ Մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։ Մշակութային փոխգործակցության վառ օրինակ են ղփչաղական ձեռագրերը, որոնք խնամքով պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում»։

Նախարարը շեշտել է, որ նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին այժմ հաջորդում է Ղազախստանի մշակութային օրերի հյուրընկալումը Երևանում։ Նա ընդգծել է, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը բացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։

Համերգը կայացել է Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, Il Canto վոկալ քառյակը, HASSAK էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։ Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մինչ համերգի մեկնարկը, նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` Հայաստանում անցկացվող Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես Երևանում ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևի անվան պուրակ է բացվել։

«Պուրակը տեղակայված է դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ, ինչը նշանակում է, որ այնտեղ անցուդարձ անող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մտածելու են Կունանբաև գրողի և մտածողի մասին, փորձելու են ճանաչել նրա փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր կապ է, որը օգնում է երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նախարարը` հավելելով` մշակութային կապերն հետագայում վերաճում են քաղաքական, տնտեսական համագործակցային ծրագրերի։

Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են քննարկվել Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ՝ գրքերի թարգմանության, համատեղ ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտների շուրջ։

Ճեպազրույցի ընթացքում Աիդա Բալաևան նշել է․

«Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումների ծրագիրը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանի ակտիվ հետաքրքրվածության և համատեղ աշխատանքի, որն ուղղված է մշակութային համագործակցության խորացմանը։ Ցուցադրվել են ղազախական ֆիլմեր, տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, իսկ գալա-համերգը հրաշալի հնարավորություն է հայ ժողովրդին ներկայացնելու ղազախ ժողովրդի մշակույթը»։

 

  • Կիսվել: