ԵՄ-ն ճնշում կգործադրի Ղազախստանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի վրա՝ ՌԴ արգելված ապրանքների վերաարտահանման համար
Եվրամիության (ԵՄ) իշխանությունները նախատեսում են ճնշում գործադրել երրորդ երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի պետությունների վրա՝ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք կատեգորիաների ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան ամբողջությամբ դադարեցնելու համար։ Խոսքը նաեւ բարձր տեխնոլոգիական ապրանքների եւ սարքավորումների մասին է, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եվրոպական իշխանություններին, մասնավորապես, անհանգստացրել է Ռուսաստան ԵՄ-ից եւ G7-ի երկրներից կիսահաղորդիչների, ինտեգրալ սխեմաների եւ այլ տեխնոլոգիաների մատակարարման կտրուկ աճը՝ չնայած գործող միջազգային պատժամիջոցներին։ Այս դեպքերում հիմնական վերաարտահանողներն են՝ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը եւ «Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի կես տասնյակ այլ տնտեսություններ», մանրամասնում է հոդվածը։
«Եվրամիությունը նախատեսում է դիմել երրորդ երկրներին, որոնք բախվել են ԵՄ-ից առաջադեմ տեխնոլոգիաների եւ այլ ապրանքների ներմուծման կտրուկ ավելացմանը, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում ռազմական նպատակներով՝ խնդրելով ուժեղացնել այդ տեսակի ապրանքների մոնիտորինգը»,- ասվում է հոդվածում։
Այսպես կոչված «զուգահեռ ներմուծման» սխեման նաեւ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մոտ։ Մարտի 10-ին նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար, որ իրենց տեխնոլոգիական մշակումները չօգտագործվեն իրենց մրցակից համարվող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմական եւ հետախուզական կարողությունները զարգացնելու համար: