ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված խոշոր զորավարժություններ են սկսել
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորքերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսել ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի նկատմամբ համատեղ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, տեղեկացնում է NBC News-ը:
Նշվում է, որ ամենամյա ամառային զորավարժություններն անցկացվում են Կորեական թերակղզում լարվածության աճի պայմաններում:
Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան իրենց համատեղ զորավարժություններին պաշտպանական բնույթ են տվել և հայտարարել, որ վերջին տարիներին ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքներին դիմակայելու համար իրենք ընդլայնել և կատարելագործել են իրենց վարժանքները:
«Ուլչի ազատության վահան» 11-օրյա զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 29-ը, ներառում են ինչպես համակարգչային մոդելավորման ռազմական խաղեր, այնպես էլ ավելի քան 40 տեսակի դաշտային վարժանքներ, ներառյալ՝ ուղիղ հրաձգության վարժանքներ։
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ զորավարժությունները «սադրիչ են և ագրեսիայի նպատակ են հետապնդում»: