Թանկյանին դուր չի գալիս, որ Ամուլսարի խնդիրը քաղաքականացվում է
Այսօր Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանն ասել է, որ ինքը որոշակի կապեր ունեցել է հայաստանյան բնապահպանական խմբերի հետ, բայց Ամուլսարի հետ կապված խնդիրները շատ քաղաքականացված են:
Ըստ նրա՝ Ամուլսարի դեպքում խնդիրն այն է, որ այստեղ կա նաեւ իրավական գործընթացների վտանգ. ինչ-որ մարդիկ փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ այս թեմայից:
«Այո, ես աջակցում եմ բնապահպաններին, սակայն ինձ դուր չի գալիս, որ խնդիրը քաղաքականացվում է: Ես տեսնում եմ, որ մարդիկ, որոնք երբեւէ Հայաստանում բնապահպանական խնդիրներով չեն զբաղվել, հանկարծ ակտիվացել են: Ինձ համար մեծ խնդիր է, որ նրանք նախկինում թքած ունեին դրա վրա, եւ հիմա հանկարծ ակտիվացել են եւ ինչ-որ բաներ են ուզում անել:
Իհարկե, դուք՝ հայաստանցիներդ, ավելի լավ գիտեք, թե այստեղ ինչ է կատարվում, բայց նման հարցերին պետք է նայել բոլոր կողմերից: Այո, Արբիտրաժի վտանգ կա, դատական վտանգ կա: Ես կարող եմ ասել, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ հետազոտություններ են անում, ավելի խորությամբ են ուսումնասիրում այս հարցը, քան որեւէ կառավարություն, այդ թվում՝ ամերիկյան կառավարությունը, կաներ: Ես ուզում եմ տեսնել, թե սա ինչպես կավարտվի»,-ասաց նա:
Անդրադառնալով Ամուլսարի պահապանների նկատմամբ ուժի հնարավոր կիրառմանը՝ Թանկյանը նշեց. «Ես չեմ կարող «եթե»-ներով հարցերին պատասխանել. օրինակ, եթե հիմա անձրեւ գա, արդյոք պատրա՞ստ եք դրան: Ես տարիներ շարունակ հայ բնապահպաններին հորդորում եմ, որ կանաչների կուսակցություն ստեղծեն, նույնիսկ նրանց ծանոթացրել եմ Նոր Զելանդիայի կանաչների կուսակցության հետ, կարծում եմ՝ դա արժե անել: Բնապահպանությունը կարեւոր է, բայց կարծում եմ՝ չարժե այն չարաշահել»: