երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք վերացրել ենք 13 խոչընդոտ, որից 10-ը հակասում էին ԵԱՏՄ պայմանագրին. Սարգսյան

Մենք վերացրել ենք 13 խոչընդոտ, որից 10-ը հակասում էին ԵԱՏՄ պայմանագրին. Սարգսյան

ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն ստանձնեց 2019 թվականի հունվարի 1-ից, ինչը համընկավ միության համար հոբելյանական տարվա հետ: Այս տարի մենք տոնում ենք Միության ստեղծման հնգամյակը: Այս մասին Հայկական ժամանակի հետ հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա անդրադարձավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ կայանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորել, քանի որ էներգակիրների գները ուղղակիորեն ազդում են արտադրվող ապրանքների գնագոյացման վրա: Խոսելով այս խնդրի լուծման ուղղությամբ առկա առաջընթացի մասին՝ Սարգսյանն ասաց.

«ՀՀ նախագահության շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները նոր թափ հաղորդեցին ինտեգրացիայի խորացմանը: Ներդրվեց նոր մշակույթ, այն է՝ առաջին անգամ ԵԱՏՄ անդամ երկրի Բարձրագույն խորհրդի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Կոլեգիայի ղեկավար անձնակազմին ներկայացրեց նախագահող երկրի առաջնահերթությունները: Այս նախադեպը շատ դրական ընկալվեց ԵԱՏՄ հինգ անդամ երկրները ներկայացնող միջազգային ծառայողների պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից: Հայկական կողմին վերաբերող առաջնահերթություններից մեկը օրենսդրության ներդաշնակեցումն է, ինչը կարևոր ծրագրային աշխատանք է: Նմանօրինակ խոչընդոտների վերացման կամ կանխարգելման համար մենք անդամ երկրների խորհրդարանների հետ համատեղ մշակել ենք օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված ծրագիր, որը ներառում է ԵԱՏՄ պայմանագրում նախատեսված 18 ուղղությունները: Այս տարվա ընթացքում մեզ հաջողվել է վերացնել 13 խոչընդոտ, որից 10-ը, ըստ էության, իրավիճակներ էին, որոնք հակասում էին ԵԱՏՄ պայմանագրին»:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև խոչընդոտներին: Նա նշեց.

«Որպես օրինակ՝ կարող եմ նշել Բելառուսի Հանրապետությունում կիրառվող ցորենի արտահանման թույլտվությունների համակարգը, ըստ էության, սահմանափակվում էր այդ ապրանքի արտահանումը մյուս անդամ երկրներ, ինչը հակասում էր ԵԱՏՄ պայմանագրին: Այլ օրինակ՝ Ղազախստանի կողմից սահմանվում էին որոշակի ապրանքների նկատմամբ պարտադիր պահանջներ, ինչը նախատեսված չէր ԵԱՏՄ օրենսդրությամբ, իսկ, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ում գործում է միասնական տեխնիկական կանոնակարգման օրենսդրություն, և այս լրացուցիչ պահանջները, ըստ էության, հակասում էին մեր օրենսդրությանը:

Իսկ առաջնահերթություններում նշված միասնական էներգետիկ շուկաների ստեղծման վերաբերյալ կարող եմ նշել հետևյալը՝ մենք արդեն հաստատել ենք գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգերը և գործողությունների ծրագիրը: Այս տարի Բարձրագույն խորհրդի անդամները ստորագրել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման պայմանագիրը, ինչի արդյունքում համակարգի բոլոր մասնակիցները հասանելի կդառնան շուկային, կավելանա մրցակցությունը և կապահովի գների ձևավորման թափանցիկությունը՝ անդրսահմանային փոխադրումների ժամանակ: Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում արտադրողներին ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, իսկ սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել հոսանք ավելի մատչելի գներով՝ ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներից»:

  • Կիսվել: