ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բաքվի ջարդերից հետո Սյունիք տեղափոխված Հայկը էկոլոգիապես մաքուր նորարարական տնտեսություն է հիմնել համայնքում՝ օրինակ ծառայելով համագյուղացիներին

Բաքվի ջարդերից հետո Սյունիք տեղափոխված Հայկը էկոլոգիապես մաքուր նորարարական տնտեսություն է հիմնել համայնքում՝ օրինակ ծառայելով համագյուղացիներին

Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ապրող Հայկ Դավիդյանն արդեն 36 տարի մեծաքանակ բանջարեղեն ու միրգ է աճեցնում: Բաքվի ջարդերից հետո է ընտանիքը Սյունիք եկել, ստացել մի կտոր հող ու այն վերածել հրաշք այգու:

Տասնամյակների քրտնաջան աշխատանքից և մաքառումներից հետո Հայկին և նրա ընտանիքին հաջողվել է այսօր ժամանակակից մոդելի, ավտոմատացված տնտեսություն հիմնել և ստանալ էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը պահանջարկ է վայելում ոչ միայն ՀՀ-ում, այլև ՌԴ-ում։ «Ամբողջ գյուղն ու համայնքն էր զարմանում, թե ինչպես ենք մենք կարողանում այսքան արդյունավետ տնտեսություն վարել։ Տարիներ են եղել, որ ամբողջ կոլխոզը չի կարողացել պլանը կատարել, ես միայնակ կատարել եմ ու սրա հիմքում աշխատասիրություն ու կարգապահությունն էր։ Մեր ընտանիքում յուրաքանչյուրս մեր գործը գիտեինք և ամենքս զբաղված էինք մեր բաժին գործով»,- պատմում է Հայկը։

Հայկը սրտնեղում է այն կասկածներից, թե իբր իր տնտեսությունում աճեցրած հատընտիր բանջարեղենը կարող է էկոլոգիապես ոչ մաքուր լինել ԶՊՄԿ-ի պոչամբարին մոտ լինելու պատճառով։ «Այսքան տարիների ընթացքում այս հողակտորում նույնիսկ քիմիական պարարտանյութ չի օգտագործվել, սրանից ավելի մաքուր գյուղմթերք չի կարող լինել», հավաստում է Հայկը։ Իսկ նրա աղջիկը՝ 25-ամյա Անին, ով զբաղվում է ընտանեկան տնտեսության մոդեռնիզացմամբ և նորարարական լուծումներով, հավաստում է, որ ավելորդ կասկածները փարատելու համար հողը մի քանի անգամ փորձաքննության են հանձնել և ամեն անգամ պատասխանը եղել է նույնը՝ հողում ծանր մետաղների կամ այլ վտանգավոր նյութերի պարունակություն առկա չէ։ «Սա գիտականորեն ապացուցված է»,- ընդգծում է Անին՝ ի պատասխան անհիմն կասկածների։

 

  • Կիսվել: