ANIF-ը մի օրինակ է, որ փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել և չշարունակել․ նախարար
Ֆինանսների նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ձախողման պատճառները։
Այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«ANIF-ը մի օրինակ է նրա, որ մենք փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել և չշարունակել։ Իհարկե, ցավալի է, որ Fly Arna-ի հետ կապված այդ պատմությունը տեղի է ունեցել, բայց ոչ մեկ չի ասում, որ բոլոր այն գործողությունները, որոնք մենք անում ենք, 100 տոկոսով արդյունավետ են։ Շատ հաճախ անում ենք պիլոտային ծրագրեր, ինչ-որ գումար ենք ներդնում այդ պիլոտային ծրագրի համար և այստեղ, ըստ էության, այդպիսի մի ջանք էր լավ նպատակի համար, որպեսզի ունենանք ավիացիայի զարգացում Հայաստանում։ Կարծում եմ, որ դա լավ նպատակ է եղել, և պետք է նաև մանրամասն ուսումնասիրենք, թե որոնք են ձախողման պատճառները։ Մեր գնահատման համակարգի հիմնական նպատակը դա պետք է լինի։ Ոչ թե սպասենք մի բան ձախողվի ու նոր կանգնի, այլ ընթացքում հայտնաբերենք և ժամանակին փոփոխություններ անենք»,-ասաց Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ունի վերահսկողության գործառույթ և հետևում է, թե արդյոք այս կամ այն ծրագրի գումարները ծախսվել են ընթացակարգերին համապատասխան։
«ANIF-ում ստուգում արել ենք, և խնդիրներ հայտնաբերվել են։ Այդ զեկույցը հրապարակվել է։ Արդյոք արդյունավե՞տ է եղել, թե՞ ոչ, հենց այստեղ է խնդիրը, որ չկա այդպիսի մի գործառույթ, որը կարծիք և գնահատական է տալիս այդ գործունեության արդյունավետությանը։ Եվ դրա համար ենք այդ ֆունկցիան ստեղծում, որպեսզի արդյունավետությունը հայտնաբերենք։ Հիմա ANIF-ը տեղափոխվել է պետգույքի կառավարման կոմիտե, և այստեղ գործընթաց է գնում, որի արդյունքում կարող ենք որոշ հարցերի պատասխաններ ունենալ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։