Աղազարյանը պաշտպանել է Արծվիկ Մինասյանին
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում դրական արտահայտվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասին, որի վերաբերյալ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
Աղազարյանի խոսքով՝ Մինասյանին շատերն են ճանաչում ու դրական իմաստով։
«Ըստ էության, Արծվիկ Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ իմացել է՝ այնտեղ ապօրինի կառույց կա և համապատասխան գործընթաց չի նախաձեռնել, հայտարարությամբ, միջնորդությամբ հանդես չի եկել։ Բայց այսօր ամբողջ Հայաստանում հազարավոր այդպիսի օբյեկտներ կան, Երևան քաղաքում հազարավոր այդպիսի հողամասեր կան, որոնց վրա ապօրինի կառույցներ կան։ Բոլորս էլ գիտենք, դուք էլ գիտեք։ Բիմա բա ո՞նց անենք, այդտեղ ձեր մեղավորության բաժինը, իմ, քաղաքապետի մեղավորության բաժինն ինչքա՞ն է»,- ասել է պատգամավորը։
Աղազարյանը անհանգստություն է հայտնել, որ նման մարդու վերաբերյալ այս գործընթացը կարող է ստվերել արդարադատության նկատմամբ վստահությունը.
«Հիմա մեկ օրվա նախարարի մեղավորության աստիճանն ինչքա՞ն է, որ նա իբր չի ցուցաբերել համապատասխան կեցվա՞ծք, որ դրա դեմն առնի։ Դա թույլ ա դառնում, էլի, և հետևաբար, արդարադատության նկատմամբ վստահությունը խաթարվում է»,- նշել է նախկին ՔՊ-ական պատգամավորը։
Աղազարյանը հորդորեց հետ կանչել միջնորդությունը։