Դանшկաhшրություն՝ Պռոշյանի գազալցակայանում. կա վիրավnր
Երեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։
Այնուհետև մի քանի քաղաքացի մոտեցել են պարեկներին և հայտնել, որ իրենց հետ կա դանակահարված քաղաքացի։
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ն է։
Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Ն․-ն, իր վարած ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, եկել է «ԵԴԵ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ վիճաբանություն է սկսվել նրա և գազալցակայանի աշխատակիցիներ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Պաշտիկ Գ․-ի, նրա եղբոր, հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Ս․-ի միջև, որի ընթացքում հնչեցվել են հայհոյանքներ ու Ջոնիկ Ն․-ն հեռացել է։
Մոտ 15 րոպե անց գազալցակայան է ժամանել Ջոնիկ Ն․-ի որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոմիկ Ն․-ն, ով բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասելով՝ «ում հորն եք խփել, արա՛», ապա իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածներ է հասցրել Արմեն Գ․-ի մեջքին և կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։