Uպառնալիքների պատճառով Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո չի վերադարձել հայրենիք
Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամինտոն Կամպասն աշխարհի 2026 թվականի առաջնությունում իր ելույթներն ավարտելուց հետո չի վերադարձել հայրենիք՝ իր և ընտանիքի անդամների հասցեին հնչած մահվան սպառնալիքների պատճառով։
Երկրպագուների ագրեսիայի և զայրույթի պատճառը ֆուտբոլիստի վրիպումն է ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպման 114-րդ րոպեին։ 0-0 հաշվի ժամանակ Կամպասը չէր օգտագործել նպաստավոր պահը՝ գնդակն ուղարկելով դարպասից բարձր։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կոլումբիացիները ցավալի պարտություն էին կրել 3-4 հաշվով։ Եվ թեև անձամբ կիսապաշտպանն իր հարվածն անվրեպ էր իրացրել, երկրպագուները չեն ներել նրան խաղի ընթացքում բաց թողած հնարավորությունը:
Սպառնալիքների մեծ ալիքի պատճառով ֆուտբոլիստն ստիպված է եղել փակել մեկնաբանություններն իր սոցիալական ցանցերի էջերում։ Լրագրող Կամիլո Պինտոն հայտնել է, որ խաղացողը հավաքականի հետ Կոլումբիա չի մեկնել հենց այս բացասական մթնոլորտի և անվտանգության նկատառումներից ելնելով։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Խամինտոն Կամպասը սոցցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին․
«Իմ Կոլումբիա, խնդրում եմ, երբեք մի՛ մոռացեք հարգանքի մասին։ Մենք կարող ենք էմոցիաներ ունենալ, բայց դրանք երբեք չեն արդարացնում ատելությունն ու վախի մեջ ապրելը»,- գրել է Կամպասը։
Հիշեցնենք, որ ակումբային մակարդակում Խամինտոն Կամպասը հանդես է գալիս արգենտինական «Ռոսարիո Սենտրալի» կազմում։ Շվեյցարիայից կրած պարտության հետևանքով Կոլումբիայի ազգային ընտրանին լքել է աշխարհի 2026 թվականի առաջնությունը։



