Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում քննարկվում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը։ Նրան առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։
Ռուբեն Մխիթարյանին խորհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ռուբեն Մխիթարյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Գյումրիում։ 2009-2014 թվականներին սովորել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում՝ իրավագիտություն մասնագիտությամբ, ապա ստացել է նաև միջազգային և գործարար իրավունքի մագիստրոսի աստիճան։ Սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում։
2019-2021 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, մասնագիտացումը՝ հանրային ֆինանսների կառավարում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին ՀՀ կենտրոնական բանկում։ Աշխատել է նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
2013-2017 թվականներին «Անելիք բանկ» ՓԲԸ-ում աշխատել է որպես առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։ 2017-2025 թվականներին աշխատել է IDBank ՓԲԸ-ի իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի պաշտոնը։
2018 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան։
2025 թվականին եղել է դատավորի թեկնածու և սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։


