չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Գորիսում էր

«Կրթվելը նորաձև է» շարժումը Գորիսում էր

Կիրակի` հունիսի 8-ին տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Գորիսում: 400-ից ավել մասնակիցներից բաղկացած հանդիսատեսը գրկաբաց ընդունեց բանախոսներին` ցուցաբերելով մեծ հետաքրքրվածություն ու ներգրավվածություն: 

Շարժման նախաձեռնող, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր ելույթը սկսեց «նորաձև» բառի իմաստով՝ բացատրելով, թե ինչու կրթությունը պետք է դիտարկել որպես նորաձև  և վարակիչ երևույթ։ 

Այնուհետև իր բանախոսություններով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան»  թեմաներով։ Նա շեշտեց, որ միայն գիտելիք ունենալը բավարար չէ կարևոր է այն գործնականում կիրառել։ Վարչապետը ընդգծեց կրթության դերը մարդու ինքնաճանաչման, զարգացման և հասարակական և  պետական առաջընթացի մեջ։

Ինչպես միշտ, միջոցառումն ուղեկցվեց սուրճի ընդմիջմամբ, անմիջական շփումներով վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի հետ, լուսանկարներով ու անկեղծ զրույցներով։ Իսկ երաժշտական ընդմիջման ընթացքում բեմ բարձրացան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը, Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սան Սեյրան Համբարձումյանը, Մեծ Հայք պարային ստուդիա <<Զուռնի տրնգին>>: 

Գորիսի հանդիպման մասնակիցները ոչ միայն առանձնացան իրենց ջերմությամբ, այլև աչքի ընկան բարձր ակտիվությամբ՝ հարցադրումների տեսանկյունից։ Քննարկման ընթացքում բարձրացվեցին հարցեր, որոնք առնչվում էին չհավատարմագրված բուհի տրամադրած ավարտական վկայականներին, արդարադատության ոլորտին, անվտանգային մարտահրավերներին, կաթի գնի ձևավորման մեխանիզմներին, գյուղական դպրոցների միավորման, ինչպես նաև տիկին Հակոբանի՝ Գորիսի գեղեցկության վերաբերյալ կարծիքին։

  • Կիսվել: