Հագեցած օրն ավարտեցինք հայ-գերմանական բնապահպանական համագործակցության ընդլայնմանն ուղղված կարևոր քայլով. ՇՄ նախարար
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում Գերմանիայի կառավարության կազմակերպած ընդունելության ընթացքում Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերի հետ ստորագրել է շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր։ Այս մասին նախարարը գրել է սոցցանցի իր էջում։
«Փաստաթղթով նախանշել ենք մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունները՝ կենսաբազմազանության պահպանություն և վերականգնում, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում, կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն, շրջանաձև տնտեսության զարգացում ու թափոնների կառավարում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և Սևանա լճի պահպանությանը։
Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից է բնապահպանության ոլորտում։ Ստորագրված հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, փորձի փոխանակման ու մասնագիտական կարողությունների ամրապնդման համար»,- ասվում է գրառման մեջ։



