երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Մենք հետաքրքրված ենք չինական հիմնադրամով, երեք ծրագրի համար դիմել ենք. ՇՄ նախարար

Մենք հետաքրքրված ենք չինական հիմնադրամով, երեք ծրագրի համար դիմել ենք. ՇՄ նախարար

Ես մասնակցել եմ «Կունմինգի երկխոսությանը», և Չինաստանից մեր գործընկերների, ինչպես նաև Կանադայից համանախագահների կատարած աշխատանքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, և դա Հայաստանի համար հսկայական հեռանկարներ է բացում։ Դրա մասին հոկտեմբերի 19-ին Երևանում COP17-ի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մենք սերտորեն համագործակցում ենք չինացի գործընկերների հետ, և իմ չինացի գործընկեր նախարարի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ես հայտարարել եմ, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Կունմինգի կենսաբազմազանության հիմնադրամի նկատմամբ (Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված մեխանիզմը՝ խմբ.) և դիմումներ է ներկայացրել երեք նախագծերով։

Չգիտեմ, թե դրանցից որն է հավանության արժանանալու, բայց հույս ունեմ, որ գոնե մեկն աջակցություն կստանա։ Դա օգտակար կլինի նաև Հայաստանի համար։ Մեր կողմից պատրաստված և ներկայացված նախագծերը վերաբերում են Սևանա լճի կենսաբազմազանության մոնիթորինգին և պահպանությանը, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Մենք համապատասխան գիտատար գերատեսչություն ունենք, որը զբաղվում է լճի էկոհամակարգի պահպանման , մասնավորապես՝ Սևանի իշխանի հարցերով։ Հույս ունեմ՝ այս նախագծերից որևէ մեկը կարժանանա Կունմինգի կենսաբազմազանության հիմնադրամի հավանությանը, և դա Հայաստանի համար էական աջակցություն կլինի»,- նշել է Մաթևոսյանը։

Նա հիշեցրել է, որ COP17-ի նպատակներից մեկը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման ընթացքի գլոբալ վերանայման անցկացումն է։

Նախարարը պարզաբանել է, որ Կունմինգի կենսաբազմազանության հիմնադրամն այս իմաստով ևս մեկ հնարավորություն է ստեղծում՝ դրված նպատակների գործնական իրականացման ճանապարհին։

  • Կիսվել: