Գարշահոտություն, փակ մայթեր և վտանգավոր երթևեկություն. Ջրվեժի բնակիչները խնդրում են վարչապետի միջամտությունը
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 14-րդ փողոցի և հարակից տարածքների բնակիչները տարիներ շարունակ պայքարում են անվտանգ տեղաշարժի և տարրական կենսապայմանների համար: Նրանք փորձում են հասնել նրան, որ պատկան մարմինները, ի դեմս «Վեոլիա Ջուր» ընկերության, վերջապես դադարեցնեն փողոցով հոսող կեղտաջրերի հոսքը: Դրանք անընդհատ լցվում են սեփական տների բակեր, ողողում ամբողջ ճանապարհն ու այն հատվածը, որտեղով մարդիկ պետք է տանից դուրս գան, իսկ երեխաները՝ դպրոց ու մանկապարտեզ գնան: Սրան գումարվել է նաև այն, որ Ջրվեժի այդ գլխավոր փողոցի տվյալ հատվածում հաճախակի կանգնում են մեծ բեռնատարներ, իսկ տնտեսվարողներից մեկն այդ տարածքում վաճառքի ոչխարների համար տարածք է առանձնացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրանով խնդիրները չեն ավարտվում. մյուս փողոցում, որտեղով երեխաները շարունակում են իրենց ճանապարհը դեպի դպրոց, անմիջապես հետիոտնի համար նախատեսված մայթի վրա դեռևս 1990-ականներից տեղադրվել են թիթեղյա ավտոտնակներ՝ ամբողջությամբ փակելով մայթը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված բնակիչներն ասում էին․
«Այնքան ենք այս ու այն կողմ դիմել, որ արդեն հոգնել ենք պատկան մարմինների քար անտարբերությունից։ Այս փողոցով տարիներ շարունակ հոսում են կեղտաջրերը, լցվում մեր տներն ու բակերը, ողողում ճանապարհը: Մյուս կողմից՝ ոչխարներ են վաճառում. անտանելի հոտն ու անհարմարությունը մի կողմ, էլ չենք ասում, որ մորթված կենդանիների մնացորդները օրերով մնում են այստեղ, ու հակասանիտարական վիճակն ավելի է վատթարանում։ Երևան քաղաքն ու Կոտայքի մարզը բաժանող մյուս փողոցում էլ, որտեղով հարյուրավոր երեխաներ ու բնակիչներ են անցնում, մայթերը զբաղեցված են ապօրինի թիթեղյա ավտոտնակներով։ Հետիոտնը ստիպված յոլա է գնում երթևեկելի մասով, ինչի պատճառով գրեթե ամեն օր վրաերթեր ու վթարներ են տեղի ունենում։ Այս նեղ փողոցում երթևեկությունն այնքան է ծանրաբեռնված, որ անգամ Երևանի քաղաքապետարանի թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսն է դժվարությամբ անցնում»։
Բնակիչները արդարացիորեն հարց են բարձրացնում.
«Մի՞թե Կոտայքի մարզպետարանը, Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավարը կամ մեր վարչական ղեկավարը չեն կարողանում ապամոնտաժել այս ավտոտնակներն ու ապօրինի շինությունները, որպեսզի մայթը բացվի։ Այս կեղտաջրերի հարցն էլ չէ՞ որ մի օր պետք է լուծվի. թե՞ էլի պետք է մի լուրջ դժբախտ պատահար լինի, որ նոր հիշեն մեր մասին։ Ջրերի պատճառով հողն այնքան է նստել, որ անգամ էլեկտրասյուներն են ծռվել ու ցանկացած պահի կարող են տապալվել փողոցով մեկ»։
Ջրվեժի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով պատասխանատուներին տրվող խիստ հանձնարարական, որպեսզի սեղմ ժամկետներում լուծվեն կեղտաջրերի, ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման և մայթերի կառուցման հարցերը։ Խնդիրը պահանջում է հրատապ լուծում։



