կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Բողոքի ցույցեր Գերմանիայում. կա ավելի քան 60 ձերբակալված

Բողոքի ցույցեր Գերմանիայում. կա ավելի քան 60 ձերբակալված

Նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, տուժել է ոստիկանության 27 աշխատակից։ Այս մասին տեղեկանում ենք Բեռլինի ոստիկանության՝ X սոցիալական ցանցում արված գրառումից, հայտնում են միջազգային ԶԼՄ-նեը:

Նշվում է, որ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ ցերեկային ժամերին անցկացված ցույցի ընթացքում ժամանակավորապես ձերբակալվել է հինգ մարդ։ «Gen Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») երիտասարդական շարժման նախաձեռնած ակցիան ընդհանուր առմամբ անցել է խաղաղ։

Սակայն ավելի ուշ՝ ձախ արմատականների երթի ընթացքում, բազմաթիվ իրավախախտումներ են արձանագրվել։ Մասնավորապես՝ մայրաքաղաքում ձախ արմատականների երթի ժամանակ ոստիկանների ուղղությամբ նետել են պիրոտեխնիկական միջոցներ, շշեր և ձվեր, Համբուրգում հրկիզել են բարիկադները, իսկ Քյոլնում իրավապահները ստիպված են եղել ջրցան մեքենաներ կիրառել։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ թեթև վնասվածքներ է ստացել 27 ծառայող, սակայն նրանք շարունակել են ծառայությունը։

Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս պահի դրությամբ իրականացվել է շուրջ 60 ձերբակալություն, այդ թվում՝ գույքը վնասելու, մարմնական վնասվածքներ հասցնելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու, զենքի և պայթուցիկ նյութերի մասին օրենքները խախտելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու դեպքերով»:

Հաղորդվում է նաև, որ Գերմանիայի մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանությունն ապահովել է շուրջ 1500 ոստիկան։

Նշենք, որ  «Gen Z has got this!» նոր շարժումը դժգոհում է կյանքի թանկացումից, բարձր ծախսերից, դպրոցների ու համալսարանների անբավարար ֆինանսավորումից, շրջակա միջավայրին առնչվող խնդիրներից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնումից։

Հավելենք նաև, որ շաբաթ օրը նմանատիպ պահանջներով բողոքի ցույցեր են անցկացվել ոչ միայն Գերմանիայում, այլև Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում:

Եվրոպայում բողոքի շարժումների ակտիվացմանը մեծապես նպաստում են երիտասարդները, որոնք պահանջում են սոցիալական բարեփոխումներ, ավելի մատչելի կյանք և ավելի լավ ապագա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: