Դատարանը կալանավորել է Արեգ Շչեպիխինին, որին առևանգել էին Մոսկվայի Յարոսլավյան կայարանում
Զամոսկվորեցկի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է գործարար և բլոգեր Արեգ Շչեպիխինին, որին մի քանի օր առաջ առևանգել էին Մոսկվայի Յարոսլավյան կայարանից, հայտնում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։
Շչեպիխինին մեղադրանք է առաջադրվել համացանցում ծայրահեղականության հանրային կոչերի (ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և բռնության կիրառման սպառնալիքով ատելության հրահրման համար (ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Դատական նիստն անցել է դռնփակ։ Դատարանի մամուլի ծառայության տարածած՝ դահլիճի լուսանկարներում Շչեպիխինի աչքի տակ կապտուկ է երևում։
Շչեպիխինը բազմիցս տեսանյութեր է ձայնագրել չեչեն ժողովրդի, Ալլահի և Ղուրանի հասցեին վիրավորանքներով։ Հենց սա էլ դարձել է նրա առևանգման պատճառը․ Չեչնիայի ՆԳՆ-ում հայտարարել են, թե նրան «ոչ թե առևանգել են, այլ բերման են ենթարկել», քանի որ նրա նկատմամբ հավատացյալների զգացմունքները վիրավորելու փաստով ստուգում է իրականացվում։
Շչեպիխինին առևանգողների նկատմամբ գործեր են հարուցվել մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով (ՌԴ ՔՕ 126-րդ և 285-րդ հոդվածներ)։ Նրանց կալանավորման մասին չի հաղորդվել։