չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
 ԱԻՆ-ը կորոնավիրուսի վերաբերյալ մեկ շաբաթում 233 զանգ է ստացել․  Կայացել է օպերատիվ խմբի հերթական նիստը

ԱԻՆ-ը կորոնավիրուսի վերաբերյալ մեկ շաբաթում 233 զանգ է ստացել․ Կայացել է օպերատիվ խմբի հերթական նիստը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում:  Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաև կօժանդակեն հանրությանն ու պետական մարմիններին:

Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստի մասնակիցներին տվել է հանձնարարականներ, փոխնախարարը հորդորել է ջանք չխնայել նշված գործողությունները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հարցում, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի տարածումը հանրապետությունում: ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ:

  • Կիսվել: