շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Զինծառայության մասին  ռեզոնանսային օրենքի ընդունման դեպքում կարող եմ դիմել ՍԴ․ ՀՀ օմբուդսմեն

Զինծառայության մասին ռեզոնանսային օրենքի ընդունման դեպքում կարող եմ դիմել ՍԴ․ ՀՀ օմբուդսմեն

Անընդունելի եմ համարում ցանկացած սոցիալական շերտավորում, որը կարող է առնչություն ունենալ նաեւ սահմանադրական պարտավորությունների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։

Նա անընդունելի է համարել այնպիսի իրավական մեխանիզմների ստեղծումը, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե պարտավորության կատարման առումով արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի ֆինանսական վիճակով, ֆինանսական ռեսուրսների առկայությամբ կամ բացակայությամբ։

«Բացի այդ, բանակում մեծ տարածում են գտել ոչ կանոնադրական հարաբերությունները, եւ այդ միտման խորացման ռիսկերը չեն գնահատվել»,- նշել է Մանասյանը։

Նա նշել է, որ օրինագիծն իր հետ նախապես չի քննարկվել եւ չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Եթե օրինագիծն ընդունվի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, հետեւաբար ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»,- ընդգծել է օմբուդսմենը։

Նա վստահեցրել է, որ գործադիր իշխանության կողմից որեւէ միջամտություն չի զգացել իր աշխատանքում։ «Բազմաթիվ օրինակներ կան, երբ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած նախագծերի առնչությամբ»,- վստահեցրել է Մանասյանը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատել 1 կամ 4 ամսով։ Նախագծով զինծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան ազատվել պատասխանատվությունից՝ այն լրացնելով կամ կրճատված ժամկետը կրելով եւ համապատասխան գումարները պետական ​​բյուջե մուտքագրելով։ Պաշտպանության նախարարությունը որոշակի առաջարկություններ է արել, որոնց համաձայն՝ ժամկետային զինծառայողը կարող է վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս կամ վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Բացի այդ, առաջարկվում է մինչեւ 18 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել պարտադիր տուրք՝ 15 մլն դրամ։ Փաթեթը դրական եզրակացություն է ստացել կառավարությունից, սակայն խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը հասարակության մեջ հնչող քննադատությունների պայմաններում անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է քննարկումը։ Փոփոխությունները նախկինում քննադատել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

  • Կիսվել: