Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում հիմնական հարվածը պետք է ուղղվի դրանց ներմուծմանն ու արտադրությանը. վարչապետ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և առաջնահերթ ուղղված լինի ներմուծման և արտադրության աղբյուրներին։
Կառավարության հունիսի 5-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարվածի հիմնական ուղղությունները պետք է ուղղված լինեն արտադրությանը և ներմուծմանը։ Շատ լավ, վաճառողին բռնում ենք, դատում ենք, նրա տեղը գալիս է նոր վաճառող։ Բայց երբ մենք աղբյուրին ենք հարվածում՝ ներմուծմանն ու հնարավոր արտադրությանը, շատ ավելի արդյունավետ արդյունքներ կարող ենք ակնկալել»,– ասաց վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ վիճակագրության մեկնաբանությունն ինքնին պահանջում է խորը վերլուծություն, քանի որ բացահայտումների թվի բարձրացումը կարող է վկայել թե՛ լավ աշխատանքի, թե՛ շրջանառության մեծացման մասին, իսկ նվազումը՝ ինչպես պայքարի արդյունավետության, այնպես էլ հնարավոր բացթողումների մասին։
«Այս ռազմավարական մոտեցումը պիտի մեզ հնարավորություն տա, որ արդյունքները տեսանելի դարձնենք։ Եվ արդեն ունենք դրական նշաններ՝ մասնավորապես ներմուծվող խոշոր խմբաքանակների բացահայտման տեսքով»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ ներկա պահին Հայաստանում սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպքեր դեռ չեն բացահայտվել, ինչը, սակայն, չի նշանակում, որ չկան նման դեպքեր, իսկ բուսական ծագման թմրամիջոցների արտադրության դեպքեր կան։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի բացառվի նմանատիպ վտանգների աննկատ զարգացումը։