շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը:

Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ:

Համատեղ խմբերը հունիսի 4-ին՝ ժամը 20.20-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի՝ 22 և 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաև ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: