Սահմանադրության անփոխոխելի դրույթների իմաստը փոփոխման ենթակա չէ, իսկ նախաբանը քննարկման փուլում է. նախարար
Ես կարող եմ ասել նոր սահմանադրության ուղղությունները, որոնք որ պետք է լինեն, դրանք իշխանության թևերի տարնջատման սկզբունքի համատեքստում իշխանության տարբեր թևերի լիազորությունների վերանայմանն են միտված: Այս մասին, այսօր՝ մարռի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ վարչապետի լիազորությունները ինչպե՞ս են վերանայվելու, նա պատասխանեց. «Գուցե այդ հատվածին չենք հասել կամ դեռ չենք գրել տեքստը: Եթե ես չեմ պատասխանում որևէ հարցի, եթե դուք այդ հարցը տաք 10-րդ կամ 20-րդ անգամ, ես չեմ պատասխանելու նույն հարցին։ Դեռ տեքստը պատրաստ չէ»:
Անդրադառնալով նրան, որ թեեւ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է տարիներ առաջ, սակայն հիմա է խոսվում տարածաշրջանային նշանակություն ունենալու մասին, Գալյանն ասաց. «Մեր կյանքը ստատիկ չէ, դինամիկ է և անընդհատ փոփոխություններ են լինում, այդ թվում այդ փոփոխությունները երբեմն կրում են աշխարհաքաղաքական բնույթ: Շատ իրավիճակներ մենք չենք կարող կանխատեսել, երբ մենք գտնվում ենք անցյալում: Դրա համար մենք պետք է որոշակի դեպքերում համարվենք նոր իրականություններին: Բայց սահմանադրությունը փոխելու միտքը եղել է նախկինում, սահմանադրության նոր հայեցակարգի հետ կապված աշխատանքները սկսվել են 2019 թվականից, այդ ժամանակ հայեցակարգային մոտեցումները մշակված էին, և մեր խնդիրն է ունենալ այնպիսի սահմանադրություն, որը ժողովրդի կողմից ընդունված կլինի, այսինքն ժողովուրդը հանրաքվեին կմասնակցի և կընտրի ունենալ նոր սահմանադրություն, թե չունենալ»:
Նա հավելեց, որ սահմանադրության փոփոխությունների և նոր սահմանադրության միջև էական տարբերությունն այն է, որ նոր սահմանադրության պարագայում կարող է փոխվել ոչ թե ծավալի առումով մեծաքանակ ինչ-որ նորմերի խումբ, այլ բովանդակային առումով կոնկրետ բան կարող է փոխվել. «Օրինակ, եթե մենք շատ ենք փոխում լիազորությունների շրջանակը, օրինակ, այդ հավասարակշռումների և զսպումների մեխանիզմի համատեքստում, մենք կարող ենք գնալ նոր սահմանադրություն ունենալու ճանապարհով և կարող ենք ընտրել ունենալ փոփոխություններ լայն ծավալով, որը իրականացվեց անցած անգամ: Բայց փաստացի մենք ունեցանք նոր սահմանադրություն:
Այս հարցի հետ կապված Վենետիկի հանձնաժողովն էլ դիրքորոշում ունի, թե որ դեպքում է նպատակահարմար փոփոխել Սահմանադրությունը, եւ որ դեպքերում է նպատակահարմար ընդունել նոր Սահմանադրություն»:
Նա ընդգծեց, որ Սահմանադրության անփոխոխելի դրույթների բովանդակությունը, իմաստը փոփոխման ենթակա չէ։ Ինչ վերաբերում է նախաբանի փոփոխությանը, նախարարն ասաց, որ դեռ քննարկման փուլում է: