չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել իտալական «Leonardo» ընկերության հետ:

Վերջինս հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ, ինչի պատճառով հաճախ բողոքի է ենթարկվում մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից:

Պայմանագիրը ստորագրվել է Փարիզում ընթացող ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ «Baykar» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սելչուք Բայրաքթարի և «Leonardo»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանիի միջև: «LBA Systems» անունով նոր համատեղ ձեռնարկությունը կտեղակայվի Իտալիայում, սակայն արտադրությունը կիրականացվի երկու երկրներում էլ:

Սելչուք Բայրաքթարը հայտարարել է, որ այս գործընկերությունը պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաև «Բայքար» ընկերության գլոբալ տեսլականի մաս է կազմում:

Նախագահ Էրդողանի փեսային պատկանող ռազմարդյունաբերական ընկերության համագործակցությունը Իսրայելի հետ սերտ կապեր ունեցող ընկերության հետ թուրք հասարակության մեջ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ 

  • Կիսվել: