ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է երեխաների պաշտպանությանը, ազգային փոքրամասնության, կանանց իրավունքների, լրագրողների գործունեությանը վերաբերող հարցերին, որոնք եղել են պաշտպանի ուշադրության առանցքում:

Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ հարցն այնքան կարեւոր է եղել, որ նախորդ տարվա վերջին թեմայի առնչությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել առանձին զեկույցով:

2024 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է իր գործունեությունն ազգային փոքրամասնությունների իրավունքների  բնագավառում:

Պաշտպանն ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից կարեւորել է ոչ միայն իրավունքների պաշտպանությունը, այլեւ խթանումը: Վերջինս ենթադրում է հատուկ մեթոդաբանության եւ կառուցակարգերի մշակում ու իրացում՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման տարրերի՝ լեզվի, կրոնի, մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ հասարակական կյանքում արդյունավետ մասնակցության ապահովմանը:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է լեզվի պահպանման իրավունքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

  • Կիսվել: