կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իսրայելի հարձակումները սերտորեն համակարգվում են ԱՄՆ-ի հետ. Իրանի նախագահ

Իսրայելի հարձակումները սերտորեն համակարգվում են ԱՄՆ-ի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելի ներկայիս հարձակումներն իրականացվում են Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանա, կարող է «տեղը դնել այս ռեժիմին»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել երկխոսության և փոխգործակցության միջոցով փոխըմբռնման և համաձայնության հասնել, բայց, ցավոք, մեր փաստարկներն ընդունելու փոխարեն, համաշխարհային տերություններն ընդունել են այն ռեժիմի ստերը, որը ձգտում է քաոս սերմանել տարածաշրջանում», - ասել է նա Մակրոնին։

Նա հավելել է, որ Թեհրանը չի փոխի իր դիրքորոշումը միջուկային դոսիեի վերաբերյալ և չի ընդունի իռացիոնալ պահանջներ։

Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, հեռախոսազրույցում ասել է, որ Փարիզը պատրաստ է ավելի ակտիվորեն համագործակցել միջուկային հարցի լուծման գործընթացում։

«Ֆրանսիան տեղյակ չէր Իսրայելի կողմից Իրանին հարձակվելու մտադրության մասին և չէր մասնակցում այս հարցին, ուստի մենք հույս ունենք, որ այս իրադարձությունները չեն վնասի մեր միջև համագործակցությանը և հարաբերություններին», - ասել է Մակրոնը։

  • Կիսվել: