շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՊՎԾ վերահսկողության արդյունքում 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ

ՊՎԾ վերահսկողության արդյունքում 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականին 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: 

ՊՎԾ–ն 2024 թվականի ընթացքում իրականացրել է ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ, վերլուծություններ: 

«2024թ. ընթացքում ծառայությունում իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22–ն ավարտվել են հաշվետվու տարվա ընթացքում, 5–ը տեղափոխվել են այս տարի: Իրականացվել է 159 մշտադիտարկում, որոնցից 119–ն ավարտվել են 2024–ին, 40–ը տեղափոխվել է այս տարի»,–ասաց Պետրոսյանը:

Կատարված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմվել է 125 տեղեկանք: Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում իրավապահ մարմիններին է ուղարկվել 68 տեղեկանք և տեղեկատվություն, որի հիման վրա նախաձեռնվել է 63 քրեական վարույթ, որոնցից մեկը նաև հանդիսանում է ծառայության պահպանման ծախսերի շրջանակում ծագած իրավահարաբերությունների վիճարկման խնդիր: 

Ծառայության պետի խոսքով՝ վերահսկողություն է իրականացվել  Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների համակարգերում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, ՊԵԿ–ում, տեսչական մարմիններում և մի շարք այլ ոլորտներ համակարգող լիազոր մարմիններում ու ենթակա պետական մարմիններում:

Մշտադիտարկվել են նաև գնման ընթացակագրերի տեխնիկական բնութագրեր:

«Իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազությանը»,–ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իրականացված վերահսկողությունների արդյունքում բացահայտվել են ընդհանուր շուրջ 100 մլրդ դրամի չափով առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ ու շեղումներ: 

Պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 մլն դրամ:

 

  • Կիսվել: