Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Ֆինանսների նախարարի խոսքով ՆԳՆ-ը հաշվետու տարում իրականացրել է 3 ծրագիր, 23 միջոցառում:
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը, նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձեւավորման աշխատանքները: Անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ:
Նախարարի գնահատմամբ նախարարությունը հաշվետու տարում ունի բավականին բարձր կատարողական: Նա տեղեկացրել է նաեւ, որ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի լավարկում կա:
Արփինե Սարգսյանի խոսքով 2024 թվականին 2023-ի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, վիրավորների թիվը՝ 421-ով:
2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թ. համեմատ ավելի է 202 կգ-ով: Նախախարի խոսքով Կառավարության նիստում օրակարգային հարց է լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նոր նախագիծը:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության համակարգ աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 78 անձ, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Ըստ նրա՝ աշխատանքի ընդունման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, հայտերն անընդհատ ստացվում են:
«Բնականաբար, ոստիկանության համակարգ մուտք գործելը միայն համապատասխան խողովակներով անցնելու պարագայում կարող է լինել: Մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք: Մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր հաղթահարելու պարագայում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,-ասել է նախարարը:
Համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածներին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով: