«ՄԻՊ-երը մանդատ չունեն այդ հարցերով զբաղվելու». ՀՀ ՄԻՊ-ը՝ Բաքվում գերիներին խոշտանգելու դեպքերի մասին
«ՄԻՊ–երը մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու։ Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում՝ այդ թվում խորհրդապահական եղանակով մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել, և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, տեսե՞լ է արդյոք տեսագրությունները, որտեղ ակնհայտ երևում է, որ Ռուբեն Վարդանյանի դեմքի տարբեր հատվածներում կապտուկներ կան, և ի՞նչ է անում ՀՀ–ն այդ ուղղությամբ։
«Մենք ինքներս ենք մշտադիրտարկում իրականացնում, մենք հատուկ փորձագետ ունենք, որը նաև այս ոլորտի հետ կապված է մշտադիտարկում իրականացնում։ Բնականաբար, առաջին պահից սկսած մենք տեսել ենք կադրերը, և փորձել են ք հասկանալ՝ մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրացնելու։ Ուսումնասիրում ենք տարբեր լեզուներով ներկայացված տեղեկությունը»,–ասաց Մանասյանը։
Նա նշեց, որ տեսագրությունները տեսնելուց հետո աշխատակազմին հրահանգավորել է՝ հասկանալ, թե միջազգային ո՞ր գործընկերների հետ անելիք ունեն։
«Նախապատրաստել ենք նրանց հետ համագործակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր։ Միջազգային գործընկերներ հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միջազգային գործընկերների հիմնական մասն իր գործունեությունն իրականացնում է խորհրդապահական եղանակով, ես, նաև էթիկայի սկզբունքները նկատի ունենալով, նպատակահարմար չեմ համարում շատ մանրամասներ ներկայացնել»,–ասաց Անահիտ Մանասյանը։
Անահիտ Մանասյանը նշեց, որ Ադրբեջանի իր գործընկերոջը դեռևս պաշտոնավարմումը սկսելու առաջին օրերին է դիմել, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացել։
«Ես կոնկրետ շեշտադրել եմ, որ այս հարցերը՝ կոնկրետ իմ տեսանկունից, հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և դրանց համատեքստում կարելի է իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այնքան էլ ճիշտ չեմ համարում, որովհետև այդ հաղորդակցության միջոցով շատ խնդիրներ լուծել»,–հավելեց Անահիտ Մանասյանը։