երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է  «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» դասընթացին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» դասընթացին

2025 թվականի մայիսի 12-14-ը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոնի (UNRCCC) կողմից անցկացված «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով միջազգային վերապատրաստման եռօրյա դասընթացին։

ՔԿ–ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել նաև Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության և ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետերը, ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, Դատախազության, ԱԱԾ-ի, ԲՏԱ նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները:

Դասընթացի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները կիբեռհանցագործությունների կանխարգելման, նախաքննության և միջազգային համագործակցության ոլորտներում։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ հայաստանյան պատվիրակությունը կարևորում է  նմանատիպ համագործակցությունները, քանի որ հանցագործությունների դեմ պայքարը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության համար։

«Համոզված եմ, որ այցի շրջանակում երկուստեք փոխանակված գիտելիքները մեր գործընկերները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում։ Կարծում եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել համագործակցության շարունակականությունը»,–ընդգծել է Վազգեն Ավետիսյանը։

Վազգեն Ավետիսյանը, կարևորելով UNRCCC-ի հետ հետագա համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստելու կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համատեքստում երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների իրականացմանը։

Դասընթացի արդյունքում ձեռք են բերվել գործնական հմտություններ էլեկտրոնային ապացույցների հետազոտման, համացանցային բաց աղբյուրներից տվյալների որոնման և ամրագրման, դրանց հետազոտման և վերլուծության, կիբեռսպառնալիքների չեզոքացման և արդյունավետ քննության իրականացման, ինչպես նաև կիբեռտիրույթում մարդու իրավունքների, երեխաների և խոցելի խմբերի պաշտպանության ուղղություններով։

  • Կիսվել: