Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատական համակարգում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ դատարանները աղմկահարույց գործերով փորձում են ժամանակ ձգձգել, որպեսզի, վաղեմության ժամկետի հիմքով, գործերը, քրեական հետապնդումները դադարեցվեն:
Մասնավորապես, օրինակ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից, եւ մեր փորձերը՝ գտնելու նրան, անցան ապարդյուն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: