ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
2024-ին 2023-ի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով. ՆԳ նախարար

2024-ին 2023-ի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով. ՆԳ նախարար

2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով: Սա այն պայմաններում, որ գրեթե 1 միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված ՀՀ տարածքում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Պարեկային ծառայությունը հատուկ կենտրոնացում է ունեցել ՃՏՊ-ների մասով:

Ըստ նախարարի՝ իրականում ՃՏՊ-ների թիվը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ, և որ լուծումներն են քաղաքացիների վարքագծի փոփոխությունը և վարչարարության խստացումը: 

«Անընդհատ ունենալ տրանսպորտային միջոցների աճ, անընդհատ ունենալ երթևեկության հետ կապված տարբեր հարցեր, ունենալ արդեն 1 միլիոնի հասնող տրանսպորտային պարկ ՀՀ-ում, ունենալ այնպիսի պարկ, որտեղ մի շարք մեքենաներ չեն համապատասխանում տեխնիկական պահանջներին, բայց ունենալ ՃՏՊ-ների, զոհերի, վիրավորների թվի էական նվազում, պիտի ընդունենք, որ սա կատարված աշխատանքի արդյունք է»,- ասաց նախարարը:

2024 թվականին, ըստ Արփինե Սարգսյանի, 41 տոկոսով կրճատվել են նաև հրդեհների դեպքերը: Սա աղետների և ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետ աշխատանքի արդյունք է:

  • Կիսվել: